«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքը Շիրակի ու Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին է տրամադրել սեփական արտադրության պաշտպանիչ պարագաներ։ Պատրաստման մեջ կիրառվել են «Արմաթ» ԻԼ սարքավորումները և ուսումնական գործիքակազմը։
Այսօր Շիրակի մարզպետարանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները մարզպետարանին են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահանները՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Ավելի վաղ նման վահաններ էին տրամադրվել նաև Մեծամորի բժշկական կենտրոնին Արմավիրի «Արմաթ» ԻԼ համայնքի կողմից։
«Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների առողջության անվտանգությունը՝ որոշում կայացվեց աշխատանքներում երեխաների չընդգրկել։ Սարքերը բաժանվել են խմբավարների միջև ու ձեռնոցների, պաշտպանիչ դիմակների կիրառմամբ, և սանիտարական բոլոր կանոններին համապատասխան սկսել ենք դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը»,- տեղեկացրել է «Արմաթ» ԻԼ Շիրակի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը։
Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում հայտնի է դարձել, թե մարզի որ բուժհաստատություններին են անհրաժեշտ տվյալ պաշտպանիչ միջոցները։ Հարցման արդյունքում պարզվել է, որ մարզի հաստատություններին անհրաժեշտ է նման 150 վահան, ուստի արտադրական աշխատանքները դեռ շարունակվում են։ Պարագաների ախտահանումը հանձն են առել բուժհաստատությունները։
«Անհրաժեշտության դեպքում՝ «Արմաթի» տեխնոհամայնքը կարող է պատրաստել օրական մինչև 1500 պաշտպանիչ վահան՝ առանց տնից դուրս գալու: Նմանատիպ վահաններ երկու շաբաթ է՝ ինչ ամբողջ աշխարհում արտադրում են եռաչափ տպիչներով, քանի որ այս պարագայում չի պահանջվում հոսքագիծ և աշխատակիցների ներկայություն աշխատավայրում: Ստեղծվել է «Covid19 open source medical supplies» ֆեյսբուքյան խումբը, որում ներգրավված են շուրջ 60.000 ինժեներներ ու բժիշկներ ամբողջ աշխարհից և կիսվում են իրենց լուծումներով»,- նշել է «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը:
Հավելենք, որ այս պահին «Արմաթի» մի շարք մասնագետներ աշխատում են նաև արհեստական շնչառության ապարատի նախատիպերի պատրաստման վրա՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կոչին համապատասխան։