Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգ այն մասին, որ մարտի 30-ին՝ ժ. 19:00-ի սահմաններում, Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով վիրավորում է ստացել 14-ամյա երեխա։
«Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվության միջոցներում: Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` հայկական կողմից նաև վիրավորում է ստացել երկու զինծառայող:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ինչպես Ոսկեվանի, այնպես էլ Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավարի հետ: Քննարկվել է առկա վիճակը, ստացվել են դեպքին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ:
Նախնական տվյալներով 14-ամյա դպրոցականը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում՝ Ոսկեվան գյուղը թիրախավորած ադրբեջանական զինուժի գնդակոծման հետևանքով:
Երեխան գտնվում է բժշկական անմիջական հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Առաջիկայում կամփոփվեն դեպքին առնչվող, ինչպես նաև վերջին շրջանում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության դեպքերի մասին բոլոր տվյալները:
Հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու մանդատը՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ամփոփած տեղեկությունները հատուկ նամակով կուղարկի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին»,- ասվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: