Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառումը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով խոցելի կամ տուժած ոլորտների աշխատակիցների համար սահմանվում է օժանդակության վճար՝ միջին աշխատավարձի կամ նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:
Այդ ոլորտներն են՝ հյուրանոցային, հանրային սնունդ, զբոսաշրջություն, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի ծառայություններ: Կան նաև բացառություններ: Աջակցությունը չի տարածվում դեղորայքի, սննդի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի հետ կապված ոլորտների վրա:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հավելեց, որ նշված ոլորտների վարձու աշխատողները հունվար և փետրվարին իրենց հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով կստանան աջակցություն՝ ոչ պակաս, քան 68.000 դրամը, և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136.000 դրամը: «Եթե վերջին երկու ամիսների միջին աշխատավարձն ավելի պակաս կլինի, քան նվազագույն աշխատավարձը, ապա կստանան իրենց վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար: Անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանվել է աջակցություն: Նրանց 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կհատկացվի, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը, և ոչ ավել, քան 136.000 դրամը»,- նշեց նա: