Կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջությունն ամենատուժած ոլորտներից է: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ նշելով, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները հավասարվում են զրոյի:
«Զբոսաշրջությունը համարվում է առավել խոցելի, քան մյուս ոլորտները: Վնասներ են կրում և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները, և՛ այն անհատ ձեռնարկատերերը, որոնք ներգրավված են եղել զբոսաշրջության ծառայությունների մատուցման բնագավառում, հյուրատները, հյուրանոցները, զբոսաշրջային սուբյեկտները, որոնց հիմնական սպառողը եղել է զբոսաշրջիկը»,- նշեց կոմիտեի նախագահը:
Սաֆարյանի խոսքով՝ զբոսաշրջային սուբյեկտները, կախված իրենց աշխատանքի ծավալից, կրել են համապատասխան կորուստներ, և կոմիտեն քննարկել է ու կիրականացնի աջակցության բազմաթիվ ծրագրեր:
«Առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել վարկավորման, իրենց կողմից 50 տոկոս վարկային միջոցների և 50 տոկոս պետության աջակցությամբ ֆինանսավորում ստանալու համար, որը կարող են ծախսել հիմնականում իրենց աշխատակիցների աշխատավարձերի, պետական կամ համայնքային բյուջեի հարկերի, տուրքերի, նաև կոմունալ ծառայությունների վճարման համար»,- նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:
Սաֆարյանի ներկայացրած մեկ այլ նախագծով առաջարկվում է վարկավորման աջակցություն զբոսաշրջության փոքր և միջին ձեռնարկությունների համար: Դրանով վարկավորում է նախատեսվում այն գործունեության սուբյեկտների համար, որոնց շրջանառությունը 24-500 մլն դրամի շրջանակում է: Վարկի մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսում վճարումներ նախատեսված չեն:
«Այսօր ներկայացվել է ևս մեկ նախագիծ, որով նախատեսվում է աջակցություն առավել տուժած ու խոսելի ոլորտներին: Սրանով նախատեսվում են աշխատակիցների աշխատավարձերի վճարումներ նվազագույն աշխատավարձի չափից մինչև 136 հազար դրամ սահմանաչափով»,- նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրի համար հաշվարկման տարբեր մեխանիզմ է գործում:
Սաֆարյանը նաև հայտնեց, որ կոմիտեն սպասում է գնառաջարկների բոլոր այն հյուրանոցներից, որոնք ունեն 50 և ավելի սենյակներ. դիտարկվում են Երևանը, Ծաղկաձորն ու Դիլիջանը: