ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող:
Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը:
Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Այս գործողությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»մ- ասվում է հայտարարության մեջ: