Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց մարզում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի մասին: Երեկվա տվյալով՝ վարակակիրների թիվը 85 է:
Մարզպետ Սարգսյանը նշեց, որ Արարատի մարզում հիմնական թեժ կետերը Մասիսի տարածաշրջանում են և կապված են հայտնի արտադրամասի դեպքի հետ: Մարզում հաստատված ընդհանուր 85 դեպքից 13-ը Մասիսից են, 9-ը՝ Նոր Խարբերդից, 6-ը՝ Այնթապից, Հայանիստում եղել է երկու, Դարակերտում և Արբաթում՝ մեկական, Նոր Կյուրին համայնքից կա 12 դեպք: Մարզպետը նշեց, որ Նոր Կյուրին համայնքը շատ փոքր է, և 12 վարակակիրը մեծ թիվ է համայնքի համար, ուստի խնդրեց շատ զգույշ լինեն:
Արտաշատի տարածաշրջանում ես արձանագրվել են վարակի դեպքեր: Արտաշատ քաղաքում եղել է 3 դեպք, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ մեկ, բայց համայնքի մի քանի ներկայացուցիչներ երեկ թեստավորվել են, և դրանց պատասխանները դեռ չեն եկել՝ նշեց մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ բուրաստանցի վիրուսակիրը ներկա է եղել մահվան տարելիցի, որի արդյունքում Դալար համայնքից արդեն հաստատված վարակված կա, և հնարավոր է՝ վարակակիրների քանակն ավելանա տարելիցի մասնակիցներով:
Ջրաշեն համայնքից կա 6 վարակակիր, Դիտակից՝ 2, Դալարից ընդհանուր առմամբ կա 2, Դվին համայնքից՝ 1, իսկ Վերին Դվինից՝ 6 դեպք: Այգեզարդում գրանցվել է մեկ դեպք, Նորաշենում, Այգեպատում՝ 2, Այգեստանում՝ 1 դեպք:
Մարզպետը նշեց, որ Արարատ քաղաքի շրջանում վիճակն ավելի բարվոք է, բայց վիրուսից խուսափել չի հաջողվել: Վեդիում արձանագրվել է 3 դեպք, Դաշտաքարում, Տափերականում, Ոսկետափում, Փոքր Վեդիում և Լուսառատում արձանագրվել է մեկական դեպք: