Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ըստ հարցով հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանի՝ նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:
«Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակին, այսինքն՝ այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտություն անձնական տվյալներին, մասնավոր և ընտանեկան կյանքին չի ենթադրվում»,- նշեց Ռուստամ Բադասյանը:
Արդարադատության նախարարի խոսքով՝ հավաքվելու են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ՝ հաճախորդի տեղորոշումը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարները, զանգի ժամի տվյալները և այլն: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ, անձանց վարակվածությունը ստուգելու համար հավաքագրվող տվյալների, անձի հետազոտություն անցնելու մասին տվյալներ:
«Անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակով հավաքագրել բոլոր տեղեկությունները, որ հնարավորինս օպերատիվ կերպով կանխորոշել ու տեղորոշել այն անձնաց շրջանակը, որը հնարավոր կոնտակտ են ունեցել տվյալ անձի հետ: Հեռախոսազրույցների և հաղորդագրությունների բովանդակությւոնը հասանելի չի լինելու»,- նշեց Բադասյանը: