Կառավարության արտահերթ նիստում քննարկվում են հակաճգնաժամային 3 նոր փաթեթները:
Օրակարգի առաջին կամ կորոնավիրուսի չեզոքացման վեցերորդ միջոցառումը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ մասնավոր հատվածի գործատուի հետ իրավահարաբերության մեջ գտնված անձինք, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից, միանվագ աջակցություն կստանան՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով: Նախարարի խոսքով՝ այդ աջակցությունից չեն կարող օգտվել նրանք, որոնց միջին աշխատավարձը երկու ամիս առաջ գերազանցել է 500 հազար դրամը, նրանք, որոնք մինչև մարտի 30-ն աշխատել են այլ գործատուի մոտ կամ հանդիսացել են անհատ ձեռներեց:
«Փաստորեն, մենք ասում ենք, որ մեր այն հայրենակիցները, որոնք մարտի 13-ից կորցրել են աշխատանքը և նոր աշխատանք չեն գտել, նրանց տրամադրում ենք միանվագ օգնություն նվազագույն աշխատավարձի չափով: նրանք այդ գումարը ստանալու համար պետք է էլեկտրոնային տարբերակով դիմեն Սոցապնախարարություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը հավելեց, որ եթե դիմումի անհրաժեշտություն լինի, դրանք կընդունվեն ապրիլի 2-ից հետո: Հնարավոր է, որ գումարը փոխանցվի նրանց բանկային հաշվեհամարին: