ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է, որ վերջին շրջանում շատ նամակներ է ստացել, որոնք եղել են ուսանողական վարձավճարների մասին: Նախարարը նշել է, որ բուհերին գրություն է ուղարկել, որով առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված՝ ուսանողներին ուսման գործընթացից դուրս թողնելուց և արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձերի վճարի ժամանակացույց:
Նախարարը բուհերին նաև առաջարկել է առցանց վճարումներ կատարել ցանկացող ուսանողներին տրամադրել վճարման պայմանների մասին համապատասխան տեղեկատվություն:
«Բուհերն իրենք են որոշում վարձավճարների իրենց ժամանակացույցը, բայց սրանով ես ռեկտորներին առաջարկում եմ, որ նման կարգ սահմանեն, մինչև ապրիլի 14-ը վարձը չվճարելու պատճառով նախ ուսանողներին դուրս չթողնեն և ապահովեն ուսանողների ներգրավվածությունը դասապրոցեսին»,- ասել է նախարար Հարությունյանն ու ուսանողներին հորդորել, որ հնարավորություն ունենալու պարագայում վճարումները կատարել հիմա: