ԱԺ-ն քննարկեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ ներկա իրավիճակում նպատակահարմար է առցանց ժողովների և քվեարկությունների իրականացումը: Մարդիկ ֆիզիկապես ներկա չեն լինի, բայց քվեարկություն կիրականացնեն նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում:
«Ներկայացված օրենքներում ներառված են դրույթներ, որոնք որոշակիորեն բարդացնում են առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը և առցանց եղանակով քվեարկումը: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ մենք նպատակահարմար ենք գտնում, որ այս առանցքային տնտեսվարողներին, որոնք բաժնետիրական ժողովներ պետք է հրավիրեն ու որոշումներ կայացնեն, հնարավորություն տրվի, որ որոշումներ կայացնեն առանց իրենց ռիսկի ենթարկելու»,- ասաց Ավանեսյանը: