ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։
«Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ՝ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի։
Կարծում եմ՝ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։
‼️Սա չի նշանակում, թե 100 տոկոսով կկարողանանք վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնենք մեր գործողությունները և մյուս սահմանափակումների հետ ի զորու կլինենք փրկել կյանքեր։ Նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Տեղեկացնեմ նաև, որ Եվրոպական միության երկրներում ներկայումս որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են, և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումների կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշածս երկրների օրինակները։
Հ․Գ․ Վստահ եմ՝ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը»,- գրել է նախարար Բադասյանը։