Վարչապետի՝ «ինչպիսի վիճակագրություն ունենք այսօր, ինչ թարմացումներ են եղել վերջին 24 ժամերի ընթացքում» հարցով մեկնարկեց Կառավարության արտահերթ նիստը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին մեկ օրվա ընթացքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նրանցից 25-ը ի սկզբանե գտնվել է կարանտինում, 31-ը, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Միայն 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է. դրանք նոր են և եկել են արտերկրից՝ նշեց նախարարը: Նոր դեպքերի մեջ նաև բանակում գրանցված դեպք կա:
«Այս պահին ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ: Չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել, բայց, ամենայն հավանականությամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդը շուտով կդառնա ծանր, այսինքն՝ բարելավում ունենք: Եվս երկու ծանր, որոնց մենք գնահատում էինք, որ կարող են դառնալ ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Նախարարը նաև նշեց, որ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը երիտասարդ է, բժշկական օգնության է դիմել բավական ուշ, երբ արդեն երկկողմանի թոքաբորբ է ունեցել:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձավ մահվան դեպքերին, որոնք գրանցվել էին շաբաթ օրը, և նշեց, որ երկու հիվանդն էլ ունեցել են ծանր խրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային գերճնշում, մյուս հիվանդը նույնպես ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից հետո առաջացած հետևանքներ:
Վարչապետը նշեց, որ այսպիսի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է առավել ուշադիր լինեն:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ մի շարք զինծառայողներ դուրս են եկել մեկուսացումից և անցել են ծառայության: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ նախորդ օրը 250 մարդ մեկուսացումից դուրս է եկել: