Պետությունների ղեկավարները վիրուսի տարածումը կանխելու համար ավելի կոշտ քայլերի են գնում: Օրինակ՝ Մոսկվայում այսօրվանից ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Բնակարանը լքել թույլատրվում է միայն շտապ բուժօգնության դիմելու, աշխատանքի մեկնելու, եթե տվյալ անձը ստիպված է գնալ աշխատանքի, մոտակա խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու և բնակության վայրից 100 մետր հեռավորությամբ ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար:
ԱՄՆ առաջնորդն էլ ժամեր առաջ ավարտված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկրում վիրուսից մահացության գագաթնակետը սպասվում է երկու շաբաթից: Ըստ այդմ, Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրում ևս 2 շաբաթ կշարունակվեն խիստ սահմանափակումներն ու արգելքները: Թրամփն ավելի վաղ հույս էր հայտնել, որ դրանք կավարտվեն մինչև Զատկի տոնը, սակայն ժամեր առաջ Սպիտակ տան առաջնորդը տեղեկացրել է, որ չնայած նրան, որ դա ցանկալի սցենար կլիներ, բայց վարակի տարածման աճն ու վիճակագրությունը ստիպում են հակառակն անել, դառնալ ավելի զգոն ու սթափ: