ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ:
Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ: Մասնավորապես՝
-
խախտելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ չունենալով անշարժ գույքի և/կամ հիմնական միջոցի գրավ: Բացի դրանից՝ խախտելով կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջները՝ նշված գումարը մարվել է կազմակերպությանը հետագայում բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն դրամ գումարից.
-
կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն դրամ գումարից առնվազն 124 մլն դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:
Կազմակերպության կողմից փաստացի թույլ տրված պայմանագրային և ծրագրային շեղումների հիմքով հիմնադրամը իրավունք է ունեցել լուծել բաժնեմասնակցային ներդրման պայմանագիրը՝ հետ պահանջելով իր կողմից ներդրված գումարը, սակայն հիմնադրամի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել.
-
նույն կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։ Բացի դրանից՝ տրամադրված գումարի մասով առկա է կազմակերպության համար ակնկալվող արդյունքը չստանալու ռիսկ՝ կապված պայմանագրային պարտավորություները չկատարելու հետ.
-
մեկ այլ կազմակերպության հետ նախկինում նախաներդրումային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրված շուրջ 191 մլն դրամ գումարի վերադարձման փոխարեն հիմնադրամի կողմից կնքվել է բաժնեմասնակցային ներդրման պայմանագիր՝ խախտելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի պահանջները.
-
կազմակերպությանը տրամադրվել է շուրջ 89 մլն դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ խախտելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջները և գերազանցելով կազմակերպության զուտ ակտիվների, ինչպես նաև հիմնադրամի ներդրումից հետո ընկերության ակտիվների սահմանված չափերը.
-
գրավադրված անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը տրամադրված նախաներդրումային ֆինանսավորման գումարի 125%-ից պակաս լինելու պարագայում Կազմակերպությանը տրամադրվել է նախաներդրումային ֆինանսավորում 105 մլն դրամի չափով՝ խախտելով ուղեցույցի մեկ այլ կետի պահանջները.
-
կառավարչական ծառայությունների մասով հիմնադրամը 2018-2019 թվականների ընթացքում հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններից մեկում Հիմնադրամի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամի հետ, սակայն, արդեն որպես անհատ ձեռնարկատեր, շահերի բախման ռիսկի առկայությամբ, կնքել է 4,4 մլն. դրամի մոնիտորինգի իրականացման ծառայության պայմանագիր։ Բացի այդ, «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամները հանդիսանում են պատվիրատու և նույն օրենքի իմաստով ծառայություններ պետք է ձեռքբերեն գնումների գործընթաց կազմակերպելու եղանակով, սակայն Հիմնադրամը նշված ծառայությունները ձեռք է բերել առանց գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացի կազմակերպման.
-
հիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները: