Առաջին անգամ կհրապարակվեն մարտի 31-ին տեղի ունենալիք Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները և տեղադրված կլինեն ԿԸՀ կայքում մինչև ապրլի 2-ը: Այդ մասին առցանց ասուլիսում տեղեկացրեց ԱՀ ԿԸՀ Սրբուհի Արզումանյանը:
Նրա խոսքով՝ ընտրություններին կլինի մի քանի նորարարություն: Մասնավորապես, ըստ ԿԸՀ նախագահի, կիրառվելու են մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնք թույլ են տալու առկա փաստաթղթերը տեղափոխել տեղամասեր՝ բարձրացնելով ընտրությունների նկատմամբ վստահությունը: Ս.Արզումանյանը նշեց, որ ընտրատեղամասերում կլինեն նոր քվեախցիկներ, որոնք կապահովեն ընտրության գաղտնիությունը, խոշորացույցներ՝ տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկությունը դյուրացնելու համար, Ստեփանակերտի բոլոր ընտրատեղամասերում կլինեն նաև թեքահարթակներ:
ԱՀ ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 663 ընտրող, մարտի 31-ին բացվելու է 280 ընտրական տեղամաս, այդ թվում մեկը՝ Երևանում գործող Արցախի ներկայացուցչությունում, ևս մեկը՝ Շուշիի ՔԿՀ-ում:
Ս.Արզումանյանն ասաց, որ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով՝ բոլոր ընտրողները քվեարկելիս պարտադիր կրելու են դիմակ, ձեռնոց, նրանց տրամադրվելու է անհատական գրիչ, իսկ ընտրատեղամասերում ընտրողները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն: