Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:
Ֆրանսիան և Հայաստանը կորցրին իրենց լավագույն զավակներից մեկին:
Պատրիկ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր խոսքի և գործի մեջ: Միաժամանակ, նա ֆրանսահայության տրիբուններից մեկն էր, հայ դատի անխոնջ պաշտպան, որի ձայնը լսվում էր ազգային և միջազգային մակարդակով:
Հայաստանի անկախությունից ի վեր Պատրիկ Դևեջյանը դարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկը: Հայաստանի զարգացումը նրա համար առաջնային խնդիր էր, որին նա նպաստում էր կոնկրետ ծրագրերով և գործողություններով:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Պատրիկ Դևեջյանի կնոջը, զավակներին և թոռներին, հարազատներին, ինչպես նաև ֆրանսահայությանն ու մեր ողջ ժողովրդին»:
Նախագահ Արմեն Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։
Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Թոմասին և ի դեմս նրա՝ Դևեջյանների ընտանիքին, բարձր գնահատելով Պատրիկ Դևեջյանի մեծ ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման, մեր ժողովրդի շահերի պաշտպանության գործում։
«Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին»,- ասել է նախագահը, նշելով, որ Պատրիկ Դևեջյանի անունը հիշվելու է խորին հարգանքով։