Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամենօրյա ռեժիմով ախտահանում է մայրաքաղաքի կանգառները, աղբամանները, տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրեր: Կարապետյանի խոսքով՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով է ախտահանում փողոցները:
«Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով: Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է Կարապետյանը: