Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական ուղերձ են հղել լեհ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Խոր ցավ ենք ապրում․ այլևս մեզ հետ չէ ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ լեհ նորարար կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին։
Հայկական արմատներով Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր, միշտ սպասված հյուր հայաստանցի երաժշտասերի համար, իսկ նրա յուրաքանչյուր այցելություն Հայաստան, յուրաքանչյուր ելույթ իրադարձություն էր ու մեծ տոն: Պենդերեցկին սերտորեն կապված էր հայ մշակույթի, Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Երաժշտասեր հանրությունը ջերմությամբ էր ընդունում նրան։ Պատահական չէր, որ 2015 թվականին նա հատուկ ստեղծագործություն նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մեծ պատիվ և հաճույք էր 2018թ․ Վարշավայում ներկա գտնվել Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
Պենդերեցկին հեռացավ, սակայն հավերժ է նրա երաժշտությունը՝ համաշխարհային մեծության, տպավորիչ, մնայուն։
Խորապես ցավակցում ենք մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում անդառնալի կորստի վիշտը»: