Ինչպե՞ս կարող ենք պայքարել կորոնավիրուսի դեմ ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային մակարդակում: Այս հարցն էր բարձրացվել «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին (GMT+4), Futures Studio քննարկումների հարթակում:
Բանախոսներն էին՝
-
Դոկտոր Նուբար Աֆեյան՝ Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամփաբաժանին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհուրդների անդամ, գյուտարար, ձեռներեց և բարերար.
-
Լորդ Արա Դարզի՝ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ,
-
Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար.
-
Անդրե Անդոնիան՝ կառավարող գործընկեր՝ Մկքինզի ընդ քոմփանի, ինք. Ճապոնիա, խորհրդի անդամ՝ Մկքինզի ընդ Քոմփանի ինք. գլոբալ.
-
Ռուբեն Վարդանյան՝ «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ, IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ, ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար.
-
առողջապահության ոլորտի հեղինակավոր այլ փորձագետներ:
Առցանց կազմակերպվող այս քննարկումը եզակի հնարավորություն էր ներգրավվել թեմայի մեջ և COVID-19 համավարակի հետ առօրյա առնչություն ունեցող աշխարհի հեղինակավոր և արժանահավատ փորձագետներից, ազգային և միջազգային պետական այրերից, այսինքն՝ «առաջին ձեռքից» իրազեկվել դրա մասին:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նոր վարակի առաջացմանը, համայնքներում խաչաձև վարակման կանխարգելմանը, պաշտպանության լավագույն՝ ապացուցված միջոցներին, համակարգչային մոդելավորմանը, հնարավոր թերապևտիկ և պատվաստումների հեռանկարներին, համավարակի դեմ պայքարում Հայաստանի և աշխարհի առողջապահական համակարգերի կարողություններին, տարածվող կեղծ լուրերին ու միֆերին, և, իհարկե, գիտական այն ներուժին, որին կարող ենք ապավինել այսօր և ապագայում: