Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ օրն է՝ քաղաքացիների հետ հեռախոսազրույցով փորձում է պարզել տրամադրությունները, այն դժվարությունները, որոնց հետ քաղաքացիներն առնչվում են արտակարգ դրության օրերին և լսել նրանց կարծիքները:
Վարչապետը հեռախոսազանգերի ընթացքում փորձել է պարզել, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն հեռավար ուսուցման մասին, դասերն ինչպես են ընթանում, անում են դրանք ուղղակի նշելու համար, որ արել են, թե իսկապես դասապրոցես է ընթանում: Հարցված գրեթե բոլոր քաղաքացիները գոհ էին դասապրոցեսից, անցկացման ընթացքից, բայց նշում են, որ դա էլ հավելյալ դժվարություններ է առաջացնում ծնողների համար:
Բացի այդ, վարչապետը տեղեկացրել է, որ երեկվա հեռախոսազրույցները կարևոր են եղել. «Ներկայում մենք հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ ենք պատրաստում, կփորձենք մաքսիմալ հասցեական ու արդյունավետ լինել»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ճգնաժամային իրավիճակում, երբ սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացվում, միշտ ի հայտ է գալիս «ճարպիկ և փոքրիկ խումբ», որը փորձում է տարբեր միջոցներով իր մոտ կենտրոնացնել այդ աջակցությունը: Ուստի, ըստ վարչապետի, կառավարությունը պետք է այնպես անի, որ այդ գումարները հասնեն այն մարդկանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն: