Որպես գիտնական՝ կարծում եմ՝ սա գլոբալ կենսաբանական պատերազմ է: Սակայն այս արտահայտությունը խիստ զգույշ եմ օգտագործում և նկատի չունեմ կենսաբանական պատերազմ՝ ուղղված մարդ արարածի, մարդու գոյության դեմ: Սա պատերազմ է սոցիալական կենդանի արարածի ու սոցիալական միջամտության միջև, ես մարդկությանն անվանում եմ սոցիալական կենդանի արարած: Այդ մասին «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ նշեց Moderna Therapeutics-ի համահիմնադիր, բարերար Նուբար Աֆեյանը:
«Սա գրոհ է մեր սոցիալական գոյության դեմ: Եթե մենք չլինեինք սոցիալական արարածներ, լինեինք, օրինակ՝ ծառ, ապա որևէ խնդիր չէինք ունենա: Բացի այդ, կա նաև մեր ստեղծած տեխնոլոգիաները, որոնք ավելի խոցելի են դարձնում մեզ: Մենք չենք կորցնի մեր սոցիալական վիճակը, սակայն ժամանակ առ ժամանակ կտառապենք դրա պատճառով»,- նշեց նա:
Նուբար Աֆեյանը ներկայացրեց իր ընկերության ստեղծած պատվաստանյութի մասին տեղեկություն՝ հույս հայտնելով, որ գարնանը դրա փորձարկումից արդյունք կունենան: