Գերմանահայ Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ Գերմանիայում բնակվող մոտ տասը ընտանիք նախատեսում է ապրիլից սկսած ամեն ամիս նվազգույնը 5 եվրո փոխանցել Հայաստանում գործող զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ մասին 1lurer.am-ին ասել է Գերմանիայի Լեեր քաղաքում ապրող Ալբերտ Թովմասյանը:
«Ամսական նվազագույնը 5 եվրո ենք նախատեսում փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ դրանով մեր ներդրումն ունենալով հայկական պաշտպանական համակարգի ամրապնդման գործին»,-նշել է Ալբերտ Թովմասյանը: Նա հատկապես ողջունել է ինտերնետային «PayPal» համակարգը, որի միջոցով առանց գումար ծախսելու, հնարավոր է փող փոխանցել հիմնադրամին: Ալբերտ Թովմասյանի խոսքով, առաջարկին է միացել նաև ֆրանսահայ, Լե Ման քաղաքի բնակիչ Արմեն Մեսրոպյանը: Նրա նախաձեռնությամբ ֆրանսահայ ընտանիքներ ևս ցանկություն են հայտնել փոխանցում անել զինծառայողների հիմնադրամին: Գերմանահայ Թովմասյանի առաջարկին արձագանքել են նաև Նիդերլանդներից Ռոտերդամում բնակվող Կարեն Խաչատրյանը, Գերմանիայի Լյուբեկ քաղաքի բնակիչ Արսեն Եզակյանը:
Գերմանահայ Ալբերտ Թովմասյանը կոչ է արել սփյուռքի հայրենակիցներին միանալ իրենց նախաձեռնությանը և յուրաքանչյուրն իր հնարավորության սահմանում, ով որքան կարող է և ցանկանում է սկսած 1 դոլարից իրենց ներդրումն ունենալ: «Ես որոշ ժամանակ առաջ փորձնական 10 եվրո փոխանցել եմ հիմնադրամին, կարծում եմ հաջողությամբ կշարունակենք միշտ: Այս նախագիծը կլինի շարունակական»,- ասաց Թովմասյանը: