Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը:
Ծրագիրն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» հետ համատեղ:
Քաղաքացիների գրանցումն իրականացվում է http://www.shtapognutyun.am/ կայքի՝ օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գրանցված տվյալների բազայից կամավորների միջոցով կկատարվի գնահատում՝ ընտրելու համար շահառու ընտանիքներին:
Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ՝ 4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոց 10-12 հազար դրամ արժեքով։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվում ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը:
Շահառու ընտանիքների ընտրությունն ու բաշխումն իրականացվելու են կամավորների միջոցով: Ծրագիրը կամավորների խնդիր չունի․ միացել է 15 կամավոր, 40 կամավոր էլ կա Շիրակի մարզպետարանի կամավորների բազայում: