Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել մի շարք արտադրամասերում ու խանութներում: Այս մասին տեղեկանում ենք հիշյալ մարմնի Ֆեյսբուքի էջում.
««Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողները կորոնավիրուսի #covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում մշտադիտարկում են իրականացրել մի շարք արտադրամասերում և խանութներում:
Վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են Պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ, մասնավորապես.
Ապահովված չեն եղել պայմաններ ձեռքերը լվանալուց հետո չորացման համար,
Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատողները չեն կրել դիմակներ,
Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ,
Չի իրականացվել աշխատակիցների ջերմաչափում, առկա չի եղել աշխատակիցների ջերմության չափման նշումներով գրանցամատյան,ü
Չեն եղել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ, աշխատակիցների տնային հագուստները կախված են եղել բաց տարածքում։
Դիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ:
Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ»,- ասվում է հայտարարության մեջ: