ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը նշեց, որ ոստիկանական մի շարք ծառայություններ են ավելացվել: Մհրյանի խոսքով՝ մինչ մարտի 28-ը 12:00-ն ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության:
«Ավտոմեքենաներում սահմանված թվից ավելի ուղևորներ փոխադրելու պարագայում 1843 դեպքով ուղևորները իջեցվել են մեքենաներից: Իսկ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի նախատեսվածից ավելի ուղևոր փոխադրելու համար»,- նշեց ոստիկանության պետի տեղակալը:
Լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ Մհրյանը նշեց, որ մարզերում նույնպես խիստ հսկողություն է սահմանվում, օրինակ՝ Շիրակի մարզում ընդհանուր առմամբ արձանագրվել է 176 իրավախախտում:
Ոստիկանության պետի տեղակալը հերքեց շրջանառվող լուրը, թե ոստիկանության ակադեմիայում կորոնավիրուսի վարակի դեպք է գրանցվել: