Ոստիկանությունը Ֆեյսբուքում ներկայացրել է մարտի 27-ի ստուգումների արդյունքները՝ ժ. 21-ի դրությամբ:
«Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 722 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1659 անձի նկատմամբ, 810-ը՝ մայրաքաղաքում, 849-ը՝ մարզերում։
Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 462 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1722 տրանսպորտային միջոց։
Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 44 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»: