Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Մարտի 27-ին, սակայն, բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե, որտեղ էլ պարզվել է, որ արտադրամասն աշխատում է:
Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:
Նման ստուգայցերը շարունակական են լինելու: Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։