Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որը համակարգում է տրանսպորտի ոլորտը, Տեղեկատվական միասնական կենտրոնում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում ուղևորափոխադրումների մասով սահմանափակումների ներմուծումից հետո մի քանի ներմարզային փոխադրումներ են գործում Շիրակում, Լոռիում, Սյունիքում և Կոտայքում, ներհամայնքային փոխադրումներ են գործում Գեղարքունիքում, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում, մնացածներում ներհամայանքային երթուղիները չեն գործում:
«Փաստացի, այսօր ներմարզային տրանսպորտը գործում է 5 մարզում: Ցածր ուղևորահոսքի պատճառով Արարատի, Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում ներմարզային տրանսպորտը չի գործում: Մեքենաները բոլորն անխտիր ախտահանվում են երթերից առաջ, վարորդները մինչև երթը ջերմաչափվում են, եթե ունենում են ջերմություն, ապա նրանց թույլ չի տրվում իրականացնել այդ երթը, հորդրովում է, որ գնան ինքնամեկուսացման»,- նշեց Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը հայտնեց, որ այսօր Պարետի մեկ այլ հրաման է նախատեսվում, որով կարգելվեն նաև միջմարզային ուղևորափոխադումները:
Ավիացիայի ոլորտում գործում են 4 ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ՝ ներկայացրեց Սիմոնյանը: Ուղևորահոսքը նույնպես ընկել է. եթե մարտի 8-ի դրությամբ օրական կար 6000 ուղևոր, ապա այսօր կա 800 ուղևոր:
Երկաթուղային տրանսպորտի ոլորտում բոլոր երթուղիները աշխատում են, բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան երթուղով արագընթաց գնացքի աշխատանքի, որը ուղևորահոսք չունենալու պատճառով այսօրվանից դադարեցվել է՝ նշեց Սիմոնյանը: