ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելեց այն տարածք, որտեղ մեկուսացված են բոլոր զինծառայողները, որոնք կոնտակտի մեջ են եղել կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների հետ: Նա նշել է, որ այստեղ մուտքը խստորեն վերահսկվում է:
ՊՆ խոսնակը զրուցեց մեկուսացված զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց ինքնազգացողությամբ: Զինծառայողներից մեկն ասաց, որ իրենց լավ են զգում, ունեն բարձր տրամադրություն, և հույս հայտնեց, որ իրենք և իրենց վարակված ընկերները շատ արագ կվերադառնան շարք:
Զինծառայողներից մեկն էլ նշեց, որ չեն ձանձրանում, գիրք են կարդում, հեռուստացույց դիտում:
Շ.Ստեփանյանը հավելեց, որ մեկուսացված զինծառայողները մարտական հերթապահություն չիրականացնող զորամասից են: