Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացու մեկնումը հայրենիք։
Դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։
«Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։