Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ պարետի նոր որոշման մասին է խոսել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նա պարզաբանել է, որ նախորդ որոշումներից այն տարբերվում է պարզաբանման ձևաչափով: Ցանկով ներկայացված են թույլատրելի և ոչ թույլատրելի տնտեսական գործունեության տեսակները:
«Կան տնտեսական գործունեության տեսակներ, որոնք արգելված են ժամանակավորապես, բայց պարետի ցուցումով կամ առողջապահության նախարարության առաջարկով կարող է իրականացվել նման գործունեություն: Կոնկրետ անհրաժեշտության պարագայում հնարավոր է, առանց որոշման փոփոխության, նոր տնտեսական գործունեության սահմանման, լինի պարետի ցուցում, և կոնկրետ այն գործունեության տեսակը, որն այս պահին արգելված է, աշխատանքի թույլտվություն ստանա»,- նշել է Վարոս Սիմոնյանը:
Նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը: Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին: Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի, բույսերի, ծաղիկների առևտուրը:
«Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,- ասել է նախարարի տեղակալը:
Լրացումեր են կատարվել նաև գործունեության մի քանի տեսակում: Թույլատրվել է ծանույցների, չեկերի և այլ աժեթղթերի տպագրությունը: Վարոսյանի խոսքով` դրանք կարևոր են, օրինակ դեղերի ծանույցներում մարդիկ ծանոթանում են տվյալ դեղի հետևանքների կամ դրանց ներգործության մասին տեղեկատվությանը: Սիմոնյանի խոսքով` թույլատվել է նաև լաբորատորիաների գործունեությունը:
Ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պարագայում, ըստ նախարարի տեղակալի, ցուցումն այնպիսին է, որ գործունեությունն իրականացվի հնարավորինս նեղ անձնակազմով՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար:
Գործունեության այն տեսակները, որոնք ժամանակավորապես արգելված են, պայմանավորված են հիմնականում մարդկանց տեղաշարժի սահմանափակմամբ՝ նշել է Վարոսյանը: