Առողջապաության նախարար Արսեն Թորոսյանի շրջայցը Ծաղկաձորի մեկուսացման վայրեր շարունակվում է: Նախարարի երրորդ կանգառը Ծաղկաձորի մարզահամալիրն էր: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակից Կարեն Պողոսյանը նշեց, որ մարտի 16-ից սկսել է մեկուսացվածների հոսքը, այս պահին մեկուսացված է 73 մարդ, բոլորի առողջական վիճակը բավարար է, այսօրվա դրությամբ ջերմողներ գրեթե չկան, ջերմաչափումներ են կատարում օրը երեք անգամ, սնունդը նորմալ է, բողոքներ, դժգոհություններ էլ չկան:
Կոտայքի մարզում մեկուսացվածների հետ տարվող աշխատանքները համակարգող Դավիթ Կարապետյանը նշեց, որ բարեգործները շատ են օգնում, սնունդ ու անուշեղեն են մատակարարում, նախարար Արսեն Թորոսյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր դժվար գործում օգնում են: Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրանոցների սեփականատերերին՝ դրանք նախարարության տրամադրության տակ դնելու, մարզահամալիրը, Գրողների միության շենքը, ԵՊՀ պանսիոնատն ու «Գոլդեն Փելիսը» տրամադրելու համար: