Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի Երևանի և Գյումրիի միջև արագընթաց գնացքներից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
«Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները:
Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով:
Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը՝ ավելի անվտանգ, գուցեև միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:
Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներով, ոնց որ երկաթուղայիններն են ասում՝ Էռկեքով (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип):
Հ.Գ. Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին՝ մեքենավարներին, նրանց օգնականներին, կարգավարներին, կայարանապետներին, գծային աշխատողներին և այլ մասնագետներին, որոնք այսօր ապահովում են ոչ միայն ուղևորափոխադրումների իրականացումը, այլ նաև երկրի և բնակչության համար կենսական նշանակություն ունեցող բեռնափոխադրումները»,- գրել է նա: