Ծաղկաձորի մեկուսացման չորրորդ վայրը ԵՊՀ հանգստյան տունն է: Նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ մեկուսարանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ մեկուսացված են նաև երեխաներ: Նախարարը ներկայացրեց հանգստյան տանը մեկուսացվածների առօրյան համակարգող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, համաճարակաբան Հովհաննես Զոհրաբյանին, որը 13-րդ օրն է՝ կարգավորում է կանխարգելիչ միջոցառումները ԵՊՀ հանգստյան տանը:
Հովհաննես Զոհրաբյանի խոսքով՝ որպեսզի երեխաների առօրյան ձանձրալի չանցնի, կարողանում են լրացնել նրանց օրը, դասապրոցես է կազմակերպվում, քանի որ մեկուսացվածների մեջ կա նաև նրանց ուսուցիչներից:
Հանգստյան տանը մեկուսացվել են մարտի 15-ին և 16-ին: Մարտի 15-ին մեկուսացված 69 մարդուց նմուշառում է վերցվել այսօր, իսկ վաղը նմուշառում կկատարվի մյուս օրը մեկուսացվածներին միացած 21 մարդկանցից: Այսօրվա թեստավորումը դպրոցական երեխաների շրջանում է իրականացվել: Եթե պատասխանը բացասական լինի, ապա նրանք վաղը կգնան տուն:
Զոհրաբյանի խոսքով՝ սնունդը օրը երեք անգամ է՝ չհաշված բարեգործների ցուցաբերած աջակցությունը սննդի տեսքով: