Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է ԵՄ իր գործընկերներին, որ Շենգենյան տարածքը կարող է փլուզվել, եթե ԵՄ երկրները համերաշխություն չցուցաբերեն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրին:
«Ստեղծված իրավիճակում վտանգված է Եվրոպական նախագծի գոյատևումը»,- նշել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի տեսակոնֆերանսի ընթացքում: Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ համաճարակն սպառնում է Շենգենյան համաձայնագրի այնպիսի հիմնարար սկզբունքներին, ինչպիսին սահմանների բացակայությունն է: «Մենք կանգնած ենք Շենգենյան գոտու ավարտի վտանգի առաջ»,- ընդգծել է Մակրոնը:
Ֆրանսիայում, ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների, կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է գրեթե 30 հազարի, մոտ 1,7 հազար մարդ մահացել է վիրուսից առաջացած բարդությունների հետևանքով: