Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ օրենսդիր, գործադիր, դատական և այլ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստում քննարկվել է Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 31-ին տեղի ունենալիք համապետական ընտրությունների ընթացքում բնակչության առողջության պահպանման համար բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց՝ համապետական այդ կարևոր իրադարձության պատշաճ մակարդակով անցկացման, ինչպես նաև բոլոր ընտրական տեղամասերում, ընտրական հանձնաժողովների վարչական շենքերում, ԿԸՀ մամլո կենտրոնի շենքում սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների իրականացման, ընտրողների և ընտրություններին ներգրավվող անձանց ախտահանիչ նյութերով, անհատական դիմակներով, ձեռնոցներով, գրիչներով ապահովման ուղղությամբ:
Երկրի ղեկավարը նշել է, որ կարվի ամեն ինչ՝ կանխարգելելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր բացասական հետևանքները և այս կարևորագույն շրջանը ևս պատվով անցնելու ուղղությամբ:
Նախագահն ընդգծել է, որ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մեր երկրի և քաղաքացիների բարեկեցության, ազատ, անկախ և ժողովրդավարական պետության ապագայի ապահովմանը:
Նիստին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: