Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և ընտրությունների դիտարկման վերաբերյալ.
«Հիմք ընդունելով ԱՀ կառավարության «Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020 թ. մարտի 26-ի թիվ 202-Ա որոշումը, ԱՀ-ում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամանակավոր դադարեցնում է հանրային իշխանության մարմիններից և նրանց ենթակայության տակ գործող, ինչպես նաև այլ կազմակերպություններից բոլոր տեսակի գրությունների թղթային տարբերակով ընդունումը և անցնում հեռավար (առցանց) գործունեության իրականացմանը։ Միևնույն ժամանակ Պաշտպանը հորդորում է քաղաքացիներին իրենց դիմում-բողոքները չներկայացնել թղթային տարբերակով՝ օգտվելով առցանց ու հեռախոսազանգով դիմելու հնարավորություններից:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքները և այլ տեսակի փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել առցանց՝ https://artsakhombuds.am/hy/complaint կայքէջի դիմումաձևով, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman ֆեյսբուքյան էջի և [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 116 անվճար կարճ կամ 047979048, 047979049 հեռախոսահամարներով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թ. մարտի 31-ին կայանալիք՝ Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների օրը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով, իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում:
Ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք Պաշտպանի աշխատակազմի հետ կարող են կապ հաստատել 116 կարճ հեռախոսահամարով:
Դիտարկման և բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես էլ լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է ստացված բողոքներին և անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով:
Պաշտպանի աշխատակազմը նաև հետևում է նախընտրական քարոզարշավի ընթացքին, առ այսօր ստացել ու արձանագրել է որոշ խնդիրներ, որոնք ընտրություններից հետո կամփոփվեն ու կհրապարակվեն համապատասխան առաջարկների հետ համատեղ»: