Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱԻՆ-ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ նա շփվել էր, մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում:
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը նաև հայտնեց, որ համաճարակով պայմանավորված՝ ստեղծվել են օպերատիվ շտաբներ։ Մշակվել է օպերատիվ պլան, որն անհրաժեշտության դեպքում կաշխատի արդեն մշակված հստակ օրացույցով։
«Մարզերում տեղակայված են հատուկ ջոկատներ, 295 մասնագետ այսօր ապահովված է համապատասխան համազգեստով և անհրաժեշտ պարագաներով։ Օպերատիվ խմբերը պատրաստ են, ըստ անհրաժեշտության, արագ արձագանքման և արդեն եղել է դեպք, երբ դիմել են։ Այդ մասնագետներին փոխարինող խմբեր նույնպես կան, և բոլոր գործընկերներին փոխարինելու համար փրկարարները պատրաստ են ծառայության»,- նշեց նա։
ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ վաղն առավոտյան` ժամը 6-ից, ԱԻՆ ստորաբաժանումները ՀՀ բոլոր հանրային վայրերում օրը 2 անգամ կիրականացնեն ախտահանման աշխատանքներ. շեշտը դրվելու է կանգառների վրա։