G20-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է տեսակապի միջոցով՝ պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգով:
Չինաստանի նախագահը կոչով դիմել է գործընկերներին. «Ժամանակն է գործել կայծակնային արագությամբ՝ վիրուսը չեզոքացնելու համար»: Սի Ցզինպինը նաև նշել է, որ արհավիրքը կանխելու համար պետք է գործել միասնական: Կողմերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի և համավարակի տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների համակարգումը:
Մեծ 20-յակի երկրների ղեկավարները որոշել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հանդես գալ միասնական ճակատով, 5 տրիլիոն դոլար ներդնել համաշխարհային տնտեսության մեջ՝ համավարակի ֆինանսական հետևանքները հաղթահարելու համար, համակարգել գործողությունները ազատ, կայուն միջազգային առևտրի հարցում, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ պայքարել հիվանդության դեմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը միջոցներ տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: