ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ զբոսաշրջային ոլորտի, ինչպես նաև փոխադրումների, պարենի, կացության և հանրային սննդի, առողջապահության, մշակող արտադրության ոլորտի տնտեսվարողները կարող են դիմել աջակցություն ստանալու համար:
«Մշակվել է միջոցառում, որի միջոցով փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն շրջանառություն, կարող են դիմել վարկ ստանալու: Կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություններում գործող ՓՄՁ-ները: Սրանք այն ոլորտներն են, որ առաջին հարվածն են կրում և ամենախոցելի են տվյալ իրավիճակում:
Գոյություն ունի պահանջ, որ աջակցության ծրագրին դիմող ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն: Անձնական երաշխավորություն կարող է տրամադրել ընկերության սեփականատերը կամ կառավարմանը մասնակցող որևիցե անդամ»,- տեղեկացրեց Նաիրա Մարգարյանը:
Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երկու տարին, այսինքն՝ 24 ամիսը, կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք: Օգտվողները հնարավորություն կունենա առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը: Սա ուղղված է փոքր կազմակերպություններին, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտի:
Ստացվող վարկի առավելագույն չափը պետք է լինի 50 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան տնտեսվարողի 2019-ի շրջանառության 10 տոկոսը: Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար` ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար: