Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը» հաստատելու հարցը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ հնարավորություն է տրվելու այս աջակցությունից օգտվել բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք գործում են վերջին 1 տարում։ Բացառություն են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական կազմակերպությունները։
«Կազմակերպությունները կարող են դիմել կառավարությունից աջակցություն ստանալու համար բանկային և վարկային համակարգի միջոցով։ Այսինքն՝ այս կազմակերպությունների վարկունակության ֆիլտրումը կատարվում է ֆինանսական համակարգի միջոցով։ Երբ ֆինանսական համակարգը որոշում է, որ այդ կազմակերպությունն իրենց ճիշտ գործընկերն է, որոշում է նաև այս գործիքի շրջանակում առավելագույն ֆինանսավորման չափը։ Այն կարող է լինել մինչև 500 միլիոն դրամ։ Այս ֆինանսավորումն ընդհանուր առմամբ՝ որպես գործիք, իրենից ներկայացնում է 500 միլիոն դրամ ֆինանսավորման հնարավորություն»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Այս եղանակով տրված ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործվել, եթե կազմակերպությունն այդ միջոցները վերցնում է, որպեսզի վճարի աշխատակիցների երեք ամսվա աշխատավարձը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատակցի համար 500 հազար դրամ։ Տրվում է նաև այն դեպքում, երբ միջոցներն օգտագործվում են տեղական ինքնակառավարման մարմինների՝ պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելու համար։ Կտրվի նաև այն դեպքում, եթե այդ միջոցներն օգտագործվելու են այնպիսի հումք ձեռք բերելու համար, որը պետք է օգտագործվի Հայաստանում իր արտադրությունը սպասարկելու նպատակով։