Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է «Կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» հարցը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ այն հատկապես ուղղված է փոքր բիզնեսին, որովհետև հիմնական չափորոշիչն առավելագույն իրացման շրջանառությունն է 2019 թվականի համար։
«Այսինքն՝ այս գործիքի շահառուներ են լինելու այն կազմակերպությունները, որոնք 2019 թվականի ընթացքում ունեցել են 24-ից մինչև 500 միլիոն իրացման շրջանառություն։ Աջակցություն կստանան՝ մշակող արդյունաբերությունը, կացության և հանրային սննդի կազմակերպումը, փոխադրումների և պահեստային տնտեսությունների կազմակերպումը, զբոսաշրջային ծառայությունները և սպասարկման ոլորտի այլ ծառայություննեը։ Դրանց թվում են նաև առողջապահկական կազմակերպությունները»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նախարարը տեղեկացրեց, որ երեք տարիների համար նախատեսված աջակցությունը կարևոր է նաև նրանով, որ կազմակերպությունների ընտրությունը կատարելու է ոչ թե բանկային համակարգը, այլ ընտրվելու են իրենց բնորոշ օբյեկտիվ չափորոշիչներով, որոնք առկա են եղել 2019 թվականի ընթացքում։
«Այս եղանակով վերցված վարկային միջոցները կարող են օգտագործվել, եթե վճարում են աշխատակիցներին աշխատավարձեր երեք ամիսների համար՝ յուրաքանչյուրին 300․000 դրամի սահմանում, եթե վճարվում են պետական հարկեր կամ տուրքեր, եթե ներմուծվում է հումք, որն անհրաժեշտ է իրենց արտադրությունը սպասարկելու համար։ Դրանք նաև հանրային ծառայություններն են, սննդի, գազի վճարումները։ Յուրաքանչյուր դիմող կարող է 2,4 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամ վարկավորման համար դիմել։ Վարկավորումն առաջարկվում է 3 տարով։ Առաջին երկու տարիների համար առաջարկվում է սահմանել վարկավորման 0 տոկոսադրույք»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը։