Կորանավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու երկրորդ միջոցառումը ներկայացնելիս Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այն վերաբերում է գյուղատնտեսության բնագավառում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց։
«Մի հիմնական մասով մենք զրոյացնում ենք բոլոր այն տոկոսագումարները, որոնք առ այսօր գյուղոլորտում առկա տարբեր ծրագրերի դեպքում սահմանված էին։ Օրինակ՝ մենք ունեինք լիզինգի ֆինանսական աջակցության գործող գործիք, որտեղ տոկոսները սուբսիդավորում էինք երկու կամ չորս՝ կախված նրանից, թե դրանք արդյոք ագրովերամշակման ոլորտում տրվող լիզինգային վարկավորման սուբսիդավորում էին։ Այս գործիքով այդ երկու կամ չորս տոկոս մնացորդային ֆինանսավորումը զրոյացնում ենք»,- նշեց էկոնոմիկայի նախարարը՝ թվարկելով մի քանի գործիքներ ևս, որոնց դեպքերում մնացորդային ֆինանսավորում նույնպես զրոյացվում է։
«Եթե մինչև այսօր Կառավարությունը ֆինանսապես աջակցում էր գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, այն դեպքում, երբ առևտրային բանկը համաձայն էր այդ դրամային ֆինանսավորումը տրամադրել մինչև 12 տոկոս առավելագույն տոկոսադրույքով, մենք այս փուլում 2020 թվականի ընթացքում հայտարարում ենք, որ պատրաստ ենք լինելու այդ տոկոսները սուբսիդավորել նաև այն դեպքում, եթե առևտրային բանկերը որոշեն միջոցները հատկացնել մինչև 14 տոկոս առավելագույն դրամային տոկոսադրույքով։ Եթե մինչ այժմ մենք ասում էինք, որ արտարժույթով վարկավորման դեպքում Կառավարությունը տոկոսադրույքները չի սուբսիդավորելու, ապա հիմա այս գործիքով ասում ենք, որ մենք սուբսիդավորելու ենք այն տոկոսները, որոնք տնտեսավարողները կհամաձայնեն վերցնել արտարժույթով»,- նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։