Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող հարցերի փաթեթը նվիրված է հակաճգնաժամային գործողություններին։ Քննարկվում է «Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը» հաստատելու մասին հարցը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շրջանում կլինեն անելիքների բևեռացումներ։
«Սպառման դեֆորմացման պարագայում կա լիկվիդայնության անկում, և ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների ու միջոցառումների շարք, որ այդ խնդիրը չեզոքացնենք։ Պետք է նաև կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած անձանց խմբերին թիրախավորենք և օժանդակենք։ Երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով, խոցելի խմբերի անվտանգության ապահովումն է, որի համար պետք է ունենանք միջոցառումներ, որոնք կկարգավորեն խնդիրը»,- ասաց Գրիգորյանը։ Նա նաև նշեց, որ առողջապահության համակարգի վերազինման հարցում ևս միջոցառումներ պետք է իրականացվեն, և պետք է ունենալ նաև նոր ֆինանսական մոդել։