Կռաավարության այսօրվա նիստում ներկայացվեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման հինգերորդ միջոցառումը» հաստատելու հարցը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջարկվող գործիքը խրախուսելու է նրանց, որոնք չնայած դժվար ժամանակներին՝ պահպանել են աշխատանքի տեղերը և աշխատավարձերը։ Կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք ունեցել են 2-50 վարձու աշխատակից տնտեսավարողները, իրավաբանական և ֆիզիկական անձինք։ Հաշվի է առնվելու այն հանգամանքը, որ այս տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը պահպանած լինեն աշխատավարձի ֆոնդը։ Այդ դեպքում կօգտվեն միանվագ դրամաշնորհներից։
«Բացառություն են բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների և ֆոնդերի, վիճակային խաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նախատեսվում է միանվագ դրամաշնորհը տրամադրել յուրաքանչյուր 5 աշխատակցի հաշվով։ Յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է որպես միանվագ դրամաշնորհ։ Նախարարը տեղեկացրեց, որ այն կազմակերպությունները, որոնք ունեցել են մինչև 5 աշխատակից՝ ուղղակի միջին աշխատավարձի չափով վերադարձ է կատարվելու։