Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերով քաղաքացիներին տեղեկացրել է, որ Հայաստանը միջազգային վարկանիշերում նոր հաջողություններ է արձանագրել։ Օրինակ՝ «Ժողովրդավարության տարատեսակներ» (V-Dem) ինստիտուտի հրապարակած զեկույցում նշվել է, որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի աճին՝ Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019-ին։ Զեկույցում նշվել է նաև, որ Հայաստանի ժողովրդավարական ակտիվիստներն այժմ կարող են քաղել իրենց իրականացրած խաղաղ ցույցերի պտուղները և տոնել այն փաստը, որ 2018 թվականից երկիրը կառավարում է ժողովրդավարական գործընթացով ընտրված կառավարությունը։
Զեկույցում եղել են նաև ցուցիչներ, օրինակ՝ Հայաստանը ընտրական ժողովրդավարության կետով 117-ից տեղափոխվել է 35-րդ հորիզոնական՝ արձանագրելով աճ 82 կետով, ազատական բաղադրիչով՝ 125-ից տեղափոխվել է 61-րդ հորիզոնական։ Իրավահավասարության բաղադրիչով Հայաստանը 63-րդից տեղափոխվել է 40-րդ։ Մասնակցայնությամբ Հայաստանը 105-րդ կետից 52-րդում է, իսկ խորհրդակցական կոմպոնենտով 113-րդ կետից տեղափոխվել է 31-րդ հորիզոնական: Գրաֆիկներով էլ կանանց քաղաքական մասնակցությունը, օրինակ՝ հատել է մաքսիմում գիծը, քաղաքացիական ազատություններով՝ ևս։ Հովանավորչությունը մոտեցել է մինիմում գծին։
Հրապարակվել է նաև տնտեսական ազատության ցուցիչը, որը, վարչապետի խոսքով, կարևոր է նրանով, որ Հայաստանն այս տարի այդ ցուցիչով փոխել է իր կարգավիճակը։ Եթե նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, ապա 2020 թվականին՝ հիմնականում ազատ։ Վարչապետը ներկայացրել է, որ հետազոտության հեղինակները Հայաստանի առաջընթացը մեծապես կապում են հարկաբյուջետային առողջացման կտրուկ աճի հետ։