Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմամբ նախատեսվում է օժանդակել տնտեսավարողներին գործունեության շարունակականությունն ապահովելու համար՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման միջոցով: Ծրագիրն ուղղված է լինելու այն տնտեսավարողներին (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվելու է միանվագ դրամաշնորհ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս աջակցության ծրագրով կառավարությունն իր շնորհակալությունն է հայտնում այդ գործատուներին, որոնք այս դժվար ժամանակներին խուճապի չեն մատնվել և ցուցաբերել են սոցիալական պատասխանատվություն: «Այսինքն մենք ասում ենք, որ այն ընկերությունները, կազմակերպությունները, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել իրենց աշխատողներին, չեն կրճատել աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով կամ ընկերությունում արձանագրված միջին աշխատավարձի չափով կստանան պետության կողմից դրամաշնորհ»,- ասել է վարչապետը:
Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները, որի ընթացքում ընդունվել են հակաճգնաժամային 5 միջոցառումների մասին որոշումները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հորդորել է աշխատանքները շարունակել նույն ինտենսիվությամբ. «Մեր օրակարգով աշխատում ենք և շարունակում ենք աշխատել ամենօրյա ռեժիմով, այդ թվում շաբաթ և կիրակի օրերին: Եվ հավաքագրում ենք բոլոր առաջարկները»: