Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերով սահմանված սուբսիդավորման չափաքանակների փոփոխություն և համաֆինանսավորման օժանդակության ձևերի կիրառում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում կարողությունների զարգացման, ոռոգման արդիական համակարգերի, գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման, խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, տոհմային տավարաբուծության և ոչխարաբուծության ու այծաբուծության զարգացման, ինչպես նաև ագրովերամշակման ոլորտին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկերի և գյուղատնտեսական տեխնիկայի ու ագրոպարենային ոլորտի սարքավորումները լիզինգով ձեռք բերելու համար սահմանել 0% տոկոսադրույք, ընդ որում, կապալառուի միջոցով կառուցվող ջերմատները, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունները կարող են այսուհետ դիտարկվել որպես լիզինգի առարկա։ Կարևորելով խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտը՝ նախատեսվող վարկերի համար ոչ միայն սահմանվում է 0% տոկոսադրույք, այլև հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։ Հատկանշական է, որ գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և համաֆինանսավորում՝ տարբեր նպատակների վարկերի համար տարբերակված չափաքանակներով։ Այս նախագծով նախատեսվում է մինչև 1 մլն դրամի միկրովարկեր՝ 0% տոկոսադրույքով, որը կխթանի գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց գործունեությունը։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ այս ծրագիրը այս պահի դրությամբ կոնկրետ ամենացայտուն դեպքն է, երբ ճգնաժամը դիտարկվում է որպես հնարավորություն: «Մենք հիմա այս ճգնաժամի հնարավորությունն ուզում ենք օգտագործել իրականացնելու համար մի ծրագիր, որի համար նախորդ շրջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գուցե նաև չէինք համարձակվում այդպիսի կտրուկ գործողությունների գնալ: Խոսքը, ընդհանուր առմամբ, մեր գյուղատնտեսության կազմակերպման որակը և մակարդակը փոխելու մասին է: Եվ մենք փորձ ենք անում հիմա քաջալերել մեր գյուղացիներին, առնվազն՝ այն հատվածին, ովքեր անհատական մակարդակում գործունեություն ծավալելիս գոհ չեն իրենց ցուցաբերած արդյունքներից՝ համախմբվել և ջանքերի մեկտեղման միջոցով փոխել իրենց գործունեության մակարդակը և իրենց ակնկալվող արդյունքների մակարդակը: Եվ մենք դա տեսնում ենք գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործում:
Բայց այստեղ մենք ունենք երկու շատ կարևոր մարտահրավեր: Աշխատանքային քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է մտածենք նաև որոշակի երաշխիքների մասին, որ այս գյուղատնտեսական ստեղծվող կոոպերատիվները կղեկավարեն որակավորում ունեցող անձիք և մասնագետներ: Բայց մյուս կողմից մենք չենք կարող սահմանափակել իրենց՝ հենց գյուղացիների իրենց կողմից ձևավորած կոոպերատիվի նախագահ կամ ղեկավար ընտրելու հնարավորությունները»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այդ խնդրին լուծում տալու համար Էկոնոմիկայի նախարարությունն այս ընթացքում շատ ինտենսիվորեն կաշխատի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների հետ: Հաջորդը, ըստ Կառավարության ղեկավարի, ծրագրերի վերաբերյալ շահառուներին իրազեկելն է, որը պետք է պատշաճ կազմակերպվի. «Մարդիկ այս ծրագիրը պետք է հասկանան բոլոր նրբություններով: Պետք է հասկանան՝ որն է իրենց առաջին գործողությունը, որն է երկրորդ գործողությունը, ինչպես պետք է նախաձեռնել»:
Վարչապետ Փաշինյանն այս ծրագիրը համարում է պատմական հնարավորություն գյուղատնտեսության ոլորտում որակական փոփոխություն իրականացնելու: «Մի պայման կա՝ այս պրոցեսը պետք է լրջորեն ուղեկցվի էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ԿԳՄՍ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից: Մենք պետք մարդկանց հետ քայլենք, զրոյից քայլենք և պետք է բոլոր ազդակներին տեղյակ լինենք: Մարդիկ իմանան, որ իրենց հարցերին, որոնք անխուսափելիորեն ծագելու են, որովհետև սա նոր դաշտ է, պատասխաններ ստանալու են ժամանակին և որակով»,- շեշտել է կառավարության ղեկավարը: