Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց արտակարգ դրության խիստ սահմանափակումների ռեժիմի ընթացքում ընդհանուր ուղևորահոսքի թվերը 2019-ի համեմատ։
Ավինյանը նշեց, որ եթե 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին օրական միջին թվով Երևանում եղել է 550 հազար ուղևոր, ապա մարտի 25-ի դրությամբ ունենք 30 անգամ կրճատված ուղևորահոսք՝ 18 հազար ուղևոր։
«Մեր քաղաքացիները, կարծում եմ՝ բավականին գիտակցաբար են մոտենում այս վիճակին, իհարկե լինում են խախտումներ։ Ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել։ Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև դրանք արված են միայն վարակի տարածումը կանխելու նպատակով»,- նշեց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ, եթե այս տեմպերը պահպանվեն, ի սկզբանե մատնանշված յոթնօրյա ժամկետում էլ կավարտվի ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների ռեժիմը։