ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև այլ բնակավայրերից կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ։
«Գյումրիում վարակվածների թիվը երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, նրանք շատ չեն և մեկուսացված են, հայտնաբերված է նաև նրանց շփման շրջանակը։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում են իրենց բուժումը նաև այլ բնակավայրերի մեր քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է այդ հիվանդությունը։ Այնտեղ բուժում են ստանում ասիմպտոմ կամ թեթև դեպքերով մեր քաղաքացիները»։
Նախարար Թորոսյանի խոսքով՝ այսօր կամ ամենաուշը վաղը՝ մարտի 27-ին, կլինի քարտեզ, որի վրա նշված կլինեն այն վայրերը, որտեղ արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերը։